Ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան. փորձագետի վերլուծությունը

Նիկոլ Փաշինյանի այցը Թբիլիսի
Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Վրաստանը երկկողմ հարաբերությունները կկառուցեն «ռազմավարական գործընկերության» պրիզմայով՝ անկախ նրանից, թե ով կգլխավորի երկու երկրների կառավարությունները։ Այդ մասին է վկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Թբիլիսի, համոզված է քաղաքական գիտությունների դոկտոր, Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր Վախթանգ Մայիսայան:
2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում կայանալիք ընտրություններից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը հարցեր է առաջացրել մի շարք փորձագետների մոտ։ Ոմանք այդ քայլը նույնիսկ գնահատում են որպես աջակցություն Վրաստանում իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան»-ի թիմին։
Մայիսայան այլ կարծիքի է։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա նշեց, որ հատկապես «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագրի ստորագրումից հետո Երևանի և Թբիլիսիի հարաբերությունները որակապես փոխվել են և նոր մակարդակի են հասել։ Հիմա կողմերը դա բացահայտ ցույց են տալիս նաև գործնականում։
«Երկու երկրների միջև ձևավորվել են անձերով չպայմանավորված փոխհարաբերություններ։ Երևանի և Թբիլիսիի փոխգործակցությունը կզարգանա, անկախ նրանից, թե Վրաստանում ընտրություններից հետո ինչպիսի կառավարություն կձևավորվի՝ կոալիցիա ընդդիմադիր կուսակցությունների հետ, թե կառավարությունը կշարունակի ղեկավարել «Վրացական երազանքը»»,-ասաց Մայիսայան:
Նրա խոսքով՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները պետք է համաձայնեցնեին ծրագրերը, դեմ առ դեմ քննարկեին կուտակված հարցերը։ Երևանը ներկայացրել է իր դիրքորոշումը տարածաշրջանում տիրող իրավիճակի և հարևան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ, որոնց հետ Թբիլիսին 2000-ականներից ի վեր ռազմավարական փոխգործակցություն ունի: Վրացական կողմը նշել է իր դիրքորոշումը։
Մայիսայան չի բացառում, որ օրակարգի ընդլայնումից և տնտեսական կապերի խորացումից բացի, երկու երկրների կառավարությունների ղեկավարները կարող էին քննարկել նաև «Միջին միջանցք» աշխարհատնտեսական նախագծին Հայաստանի միանալու հնարավորությունը․Վրաստանը նախագծի ակտիվ մասնակիցներից մեկն է։
«Հայաստանի մասնակցությունը «Հյուսիս-Հարավ», ինչպես նաև «Արևելք-Արևմուտք» նախագծերի իրականացմանը նոր ազդակ կհաղորդի երկրի զարգացմանը ոչ միայն տնտեսական, այլև ֆինանսական առումով»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության Թբիլիսի կատարած այցի շրջանակներում բարձրացվել են նաև հայ-վրացական սահմանի սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման խնդիրներ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի կառավարության ջանքերը հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և պատրաստ է նպաստել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:
ԱՄՆ–ն փափուկ ուժ է կիրառում Հայաստանում. ի՞նչ կապ ունի Վրաստանը