Հնդկաստանը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել RT-ի դեմ՝ չնայած ԱՄՆ պահանջներին. ԶԼՄ

RT–ի տարբերանշան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել ռուսական ԶԼՄ-ների, մասնավորապես RT հեռուստաալիքի դեմ՝ չնայած ԱՄՆ պաշտոնատար անձանց պահանջներին, հայտնում է «Hindu» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել են հավատարմագրերը հետ կանչելու և օտարերկրյա առաքելությունների մասին օրենքին համապատասխան ռուս լրագրողներին ցուցակում ընդգրկելու միջոցով պատժամիջոցներին միանալու հարցը: Թերթի աղբյուրները հաստատել են, որ հարցը քննարկվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Ռուսաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Կանվալ Սիբալը հայտարարել է, որ ռուսական ԶԼՄ-ները սահմանափակելու ամերիկյան գործողությունները վնասում են ամերիկյան ազգային արժեքները` չնայած ԱՄՆ կառավարությունը հայտարարում է խոսքի ազատությանը աջակցելու մասին:
«Դա կդիտվի որպես երկակի ստանդարտներ Գլոբալ Հարավի կողմից։ Ակնհայտ է, որ Հնդկաստանը չի արձագանքի Ամերիկայի այդ ճնշմանը», - մեջբերում է պարբերականը Սիբալի խոսքը։
Հիշեցնենք` ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 4-ին պատժամիջոցներ է սահմանել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, նրա տեղակալներ Անտոն Անիսիմովի և Ելիզավետա Բրոդսկայայի դեմ: Նրանցից բացի, սև ցուցակում են հայտնվել RT-ի տեղեկատվական հեռարձակման ղեկավար Անդրեյ Կիաշկոն, թվային մեդիանախագծերի բաժնի ղեկավար Կոնստանտին Կալաշնիկովը և մի քանի այլ աշխատակիցներ: Ընդ որում` Կալաշնիկովին և RT-ի աշխատակից Ելենա Աֆանասևային փողերի լվացման նպատակով գործարքի մեջ մտնելու և օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը խախտելու մեղադրանք է ներկայացվել:
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և նրա դուստր ձեռնարկությունների աշխատանքի պայմանները խստացվել են, և նրանց կարգավիճակը սահմանվել է որպես «արտասահմանյան առաքելություններ»: Ամերիկյան օրենքը պահանջում է գերատեսչությանը տեղեկացնել ԱՄՆ-ում աշխատող անձնակազմի և ունեցվածքի մասին: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները հայտարարել են նոր քաղաքականության մասին, որը սահմանափակում է վիզաների տրամադրումը այն մարդկանց, որոնք իբր գործում են «Կրեմլի կողմից աջակցություն ստացող» լրատվամիջոցների անունից: Միաժամանակ Պետդեպարտամենտը հրաժարվել է ճշտել, թե կոնկրետ ում են վերաբերում այդ սահմանափակումները։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դրանք ուղղված են ոչ թե ռուսաստանցի առանձին լրագրողների, այլ կազմակերպությունների սահմանափակումների տակ հայտնված աշխատակիցների դեմ։