Հայտնաբերվել և ձերբակալվել է 55–ամյա կնոջն առևանգած հանցավոր խմբի 5–րդ անդամը. ՔԿ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Բագրատաշենի անցակետում այսօր հայտնաբերվել և ձերբակալվել է սեպտեմբերի 4–ին կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի 5–րդ անդամը, նաև հայտնաբերվել է հանցագործության համար օգտագործված ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը;
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 դիմակավորված անձինք, ներկայանալով ԱԱԾ աշխատակից, սեպտեմբերի 4-ին Երևանի լողավազաններից մեկից առևանգել են մի կնոջ` նստեցնելով «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ տեղեկացրել էր, որ 2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության կողմից Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանից կատարված կնոջ առևանգման վերաբերյալ վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել հանցավոր կազմակերպության 4 անդամների, որոնք, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից բավարարվելու արդյունքում, կալանավորվել են։
Քննությամբ պարզվել էր նաև հանցավոր խմբի ևս մեկ անդամի ինքնությունը, որը լքել էր ՀՀ տարածքը և գտնվում էր Վրաստանում։ Վերջինիս նկատմամբ ևս հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և կայացվել էր նրան ձերբակալելու որոշում։
«Բացի այդ, իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հանդամիջյան ճանապարհին հայտնաբերվել է նաև BMW մակնիշի այն ավտոմեքենան, որով հանցավորների կողմից առևանգվել է 55-ամյա տուժող կինը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ավտոմեքենան ենթարկվել է խուզարկության, ճանաչվել իրեղեն ապացույց և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։
Միջոցեր են ձեռնարկվում՝ հանցավոր խմբի այլ անդամների առկայությունը և դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։