ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիան Ադրբեջանից առաջընթաց է ակնկալում Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում մինչև COP29-ի անցկացումը, հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ֆրանսիան աջակցում է պայմանագրի շուտափույթ ստորագրմանը, որը կհաստատի արդար և կայուն խաղաղություն՝ հարգելով երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Սա է 1991 թվականին Ալմաթիում ստորագրված փաստաթղթի ողջ իմաստը։ Պրահայում հանրությանը ներկայացվեց նույն գաղափարը», - ասել է Սեժուրնեն։
Ֆրանսիան, նրա խոսքով, նույն սկզբունքների հիման վրա աջակցում է նաև երկրների միջև սահմանազատման գործընթացին։ Փարիզում կարծում են, որ Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության տարածաշրջան։
«Հայաստանը խաղաղություն է ուզում, Ֆրանսիան, միջազգային հանրությունը խաղաղություն են ուզում։ Եվ քանի որ Ադրբեջանը շուտով կընդունի COP29-ը, նրա վրա է դրված պատասխանատվությունը՝ միջոցառումից առաջ ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության։ Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք արագ առաջ շարժվել այս հարցում», - ասել է նախարարը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի իշխանություններին առաջարկել էր ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները, իսկ ավելի ուշ քննարկել մնացած կետերը: Բաքվում հայտարարել են, որ նման մոտեցումն իրենց համար անընդունելի է։