ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը մեկնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն` հասկանալու, թե ինչպես են Դոնբասում ապրում և կռվում հայ կամավորները։ Ինչպես հայտնում է donbassr–ը, այս մասին հայտնել է Թևանյանը։
Պատվիրակության անդամները Դոնեցկում բանակցել են պատգամավորների հետ, ապա մեկնել են Մակեևկա և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերով նկար փոխանցել տեղի համայնքին։
Թևանյանը շեշտել է, որ հումանիտար, տեղեկատվական և ճանաչողական առաքելությամբ են այցելել ԴԺՀ։
«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կողմ ենք հայ–ռուսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,– ամփոփել է Թևանյանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն առաջին անգամ է այցելել ԴԺՀ և հանդիպել տեղի խորհրդարանականների հետ։ Հանդիպման մասնակիցները կարևորել են Ուկրաինայի նմանությամբ Հայաստանում իրադարձությունների զարգացումը թույլ չտալը, ինչպես նաև խորհրդանշական նվերներ են փոխանակել։