ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը սահմանազատում կիրականացնի միայն այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կանոնակարգը։
Ավելի վաղ հայտել էինք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում կքննվի սեպտեմբերի 24-ին։
«Այն հակասությունները, որ կան կանոնակարգի մեջ, ներկայացվել են ՍԴ –ի հավանության արժանանալուն։ Եվ սա էլ հետագայում հիմք է հանդիսանալու, որ Ադրբեջանը ճնշի Հայաստանին` ասելով` նույնիսկ ձեր ՍԴ–ն է դրական կարծիք տվել դրան»,– ասաց Սեյրան Օհանյանը։
Ըստ նախկին նախարարի` այնտեղ առնվազն 2 կարևոր և անիրատեսական կետեր կան։ Առաջինը վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրի մասին կետում փոփոխություններ կատարելու հնարավորությանը հղում կատարելուն, երկրորդն էլ, որ կարելի է սահմանազատում և սահմանագծում իրականացնել հատվածական։
«Այսինքն` այնտեղ, որտեղ Ադրբեջանը ցանկանա, իր շահերից ելնելով, իրականացնելու է սահմանազատում, իսկ այնտեղ, որտեղ չցանկանա, չի անցկացնելու»,– ասաց նա։
Օհանյանը վստահ է, որ Ադրբեջանը ՍԴ–ի հավանությունն օգտագործելու է իշխանությունների վրա հետագա ճնշումների համար։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանն էլ ասաց, որ հարցումներ է ուղարկել ԱԳՆ և ԱԱԾ ղեկավարներին՝ ճշտելու համար, թե արդյոք Վրաստանի հետ սահմանագծման ու սահմանազատման միջպետական հանձնաժողովների կանոնակարգը քննարկվել է Սահմանադրական դատարանի կողմից:
Հիշեցնենք` օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Կանոնակարգում նշվում է` հնարավոր է` գործընթացը հետագայում (խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո) այլ սկզբունքներով ընթանա։
Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ 4-րդ հոդվածում, օրինակ, նշվում է սահմանագծի օպտիմալացման հնարավորության մասին։
Սեպտեմբերի 5–ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը։ Նույն օրը փաստաթուղթը ուղարկվեց Սահմանադրական դատարան։