ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը կարող է արդիականացնել իր Սու-30-ները Հնդկաստանի օգնությամբ: Այս մասին Hindustan Times-ի հետ զրույցում ասել է ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ Հովհաննես Վարդանյանը:
Պարբերականը գրում է, որ Հայաստանը Հնդկաստանից օգնություն է խնդրել ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչների իր փոքր նավատորմի արդիականացման հարցում, քանի որ երկիրը Հնդկաստանից հրթիռային համակարգեր, հրետանի և զենքի տեղորոշման ռադարներ է պատվիրում։
Սու-30-ի արդիականացումը, որի վրա հույս է դնում Հայաստանը, ներառում է ավիոնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և սպառազինություն։
«Մենք դիտարկում ենք մեր Սու-30 կործանիչների արդիականացման հնարավորությունը Hindustan Aeronautics Limited-ի (HAL) օգնությամբ, քանի որ այն մեծ փորձ ունի այս ոլորտում», - ասել է Հովհաննես Վարդանյանը պարբերականի հետ զրույցում, որը տեղի է ունեցել Tarang Shakti 2024 զորավարժությունների շրջանակում։
HAL ընկերությունը Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար ռուսական կործանիչներ է արտադրում Նաշիկում գտնվող ինքնաթիռների արտադրության գործարանում:
Վարդանյանի խոսքով` ինքը Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության ոլորտները։
Հնդիկ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է HAL ընկերության կողմից Սու-30-ի արդիականացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը։ Նա տեղեկացրել է, որ այս ուղղությամբ որոշակի բանակցություններ են ընթանում, սակայն դրանք վաղ փուլում են։