ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի կանանց հավաքականը տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Օլիմպիադայի 5-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Չինաստանի հավաքականի նկատմամբ»,–տեղեկացնում են ֆեդերացիայից:
Այսօր հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը:
Առաջին չորս խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1) և Վիետնամի թիմին (3:1):
Այսօր տղամարդկանց հավաքականը ևս հաղթանակ է տոնել։ Շվեդիայի հավաքականի հետ խաղում գրանցվել է 2.5:1.5 հաշիվը։
«Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), իսկ չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5):