ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի մոտ ճանապարհն իրար չզիջելու համար 2 վարորդ ծեծկռտուք են սարքել, կրակոցներ հնչեցրել։ Միջադեպի հետևանքով կա վիրավոր, հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները պարզել են, որ այսօր` ժամը 00։05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում «Toyota Camry»-ի և «Mercedes G 55»-ի վարորդներն իրար հետ վիճել են։ «Toyota Camry»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դ. Մ.–ն դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հ. Ա. և ուղևոր, Տ․ Ա.–ի հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ ատրճանակից կրակոցներ են հնչել։
Տեղում ծառայություն իրականացնող պարեկները մոտեցել են, բայց վարորդները դիմել են փախուստի, սակայն պարեկները հետապնդել են նրանց և բռնել։
Այդ ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով, հարբած վիճակում, հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ երիտասարդը վերոնշված միջադեպի մասնակից Երևանի բնակիչ 30-ամյա Տ. Ա.–ն է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։