Ավտովթար Ճամբարակ-Բերդ ճանապարհին. կա զոհ և տուժածներ

Ավտովթար Ճամբարակ-Բերդ ճանապարհին
Մեքենայի 48–ամյա վարորդը մահացել է, երկու ուղևորների առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը, որի հետևանքով կա զոհ և տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկությունը ստացվել է սեպտեմբերի 14-ին, ժամը 23:03-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ավտովթար Ճամբարակ-Բերդ ճանապարհին
Պարզվել է, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը:
«Վարորդը, ուղևորներ Լ. Ա.-ն (ծնված 1988 թ․) և Հ. Ա.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Լ. Ա-ի և Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Թ.-ն Երևան քաղաք տեղափոխման ճանապարհին մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։