Ավելի քան 270 հազար միավոր զենք է Ուկրաինայում անհետացել կամ հափշտակվել 2022 թվականից է

2024 թվականի ընթացքում գողացվել կամ կորել է արդեն 78,2 հազար միավոր զենք, ինչը ավելի շատ է, քան ամբողջ 2023 թվականին և 7 անգամ ավելի, քան արձանագրվել էր մինչև 2022 թվականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. 2022 թվականի փետրվարից Ուկրաինայում անհետացել կամ հափշտակվել է ավելի քան 270 հազար միավոր զենք, հայտնել է ուկրաինական «Ֆոկուս» լրատվականը՝ վկայակոչելով պետական ռեգիստրների մոնիթորինգի ոլորտում մասնագիտացված «Opendatabot» ծառայության վիճակագրությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ից անհետացել կամ հափշտակվել է ավելի քան 270 հազար միավոր զենք։ Դա կազմում է զենքի միասնական գրանցամատյանում գրանցված ընդհանուր թվի 40 %-ը», - ասված Է լրատվականի կայքում հրապարակված նյութում։
«Ֆոկուսը» մանրամասնում է, որ ամենից հաճախ անհետանում են որսորդական հրացանները (27,9 %), ինքնաձիգները (27,8 %) և կարաբինները (10,8 %): Մոդելների շարքում առաջատարը AK-74 ինքնաձիգն է (51 008 միավոր), «Մակարով» ատրճանակները (ընդհանուր ծավալի 7,4%) և ՍԿՍ կարաբինները (4,4%):
Ուկրաինայի զենքի սեփականատերերի ասոցիացիայի նախագահ Գեորգի Ուչայկինը «Ֆոկուսին» տված մեկնաբանության մեջ համոզմունք է հայտնել, որ ռազմական գործողությունների գոտուց դուրս կորած բոլոր ինքնաձիգներն անխուսափելիորեն հայտնվում են սև շուկայում:
«Ուկրաինայում զենքի ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակն օրեցօր ավելի սարսափելի է», - ամփոփել է փորձագետը:
2022 թվականի փետրվարին Ուկրաինայի իշխանությունները քաղաքացիական անձանց թույլատրել են հրազեն ունենալ։ Միայն Կիևում իշխանությունների ներկայացուցիչները ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո, առանց վերահսկողության, քաղաքացիներին բաժանել են ավելի քան 25 հազար միավոր հրազեն և ավելի քան 1 միլիոն փամփուշտ: Հետագայում ուկրաինական իշխանությունները բազմիցս դիմել են քաղաքացիներին՝ պահանջելով հանձնել ստացած զենքը։