Արեգակնային փոթորիկներ. ե՞րբ է կանխատեսվում առավելագույն ակտիվությունը

Արևի բռնկում
Արեգակի վրա տեղի ունեցող բռնկումները հիմնականում ազդում են սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. 2025 թվականին արեգակնային առավելագույն ակտիվություն կլինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը` անդրադառնալով Արեգակի վրա տեղի ունեցող բռնկումներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 12–ին Արեգակի վրա գրանցվել է վերջին գրեթե մեկ ամսվա ընթացքում ամենաբարձր` X բալի առաջին բռնկումը:
Այս բռնկումները Միքայելյանը չի կապում շոգ եղանակի հետ. դրանք ավելի շատ Արեգակի ակտիվության հետ են կապված։
«Արեգակի ակտիվությունն ունի 11 տարվա պարբերականություն։ 11 տարի անց մագնիսական բևեռները փոխվում են։ Հիմա մենք գնում ենք դեպի մաքսիմումը, ու այն տեղի կունենա 2025 թվականին։ Արեգակի մինիմում ակտիվությունը գրանցվել է 2019 թվականին։ Լինում են նաև առանձին փոքր փոփոխություններ, տատանումներ, աճեր ու նվազումներ։ Հասնում են պիկին ու էլի նվազում»,– ասաց նա։
Միքայելյանը տեղեկացրեց, որ դեռ 19–րդ դարից կազմվել են գրաֆիկներ, ըստ որոնց՝ հայտնի է դառնում, թե Արեգակի ակտիվությունը որ թվին որ փուլում է եղել։
Ինչ վերաբերում է Արեգակի վրա տեղի ունեցող բռնկումների ազդեցությանը մարդկանց առողջության և ինքնազգացողության վրա, ապա Բյուրականի աստղադիտարանի տնօրենի խոսքով` դրանք ազդում են հատկապես սրտանոթային հիվանդություններ ունեցողների վրա. նրանք ակտիվության այդ շրջանները բավականին ծանր են տանում, երբեմն հատուկ հսկողության տակ են լինում, մինչև անցնի կրիզիսը, իսկ երբեմն էլ մահացության դեպքեր են լինում։
«Հայաստանի պայմաններում ու միջին լայնությունների վրա ապրող մարդկանց համար Արեգակի բռնկումներն այնքան էլ սուր չեն արտահայտվում։ Դրանք հիմնականում ուժեղ են լինում Հյուսիսային և Հարավային բևեռներում, դրանք մենք անվանում ենք նաև մագնիսական փոթորիկներ»,– ընդգծեց Միքայելյանը։
Նա նշեց, որ արեգակնային փոթորիկները կարող են տևել ժամեր և օրեր, սակայն դրանք պատահական են տեղի ունենում, ու դրանց կանխորոշումը շատ բարդ է։
«Արեգակի ակտիվության մեջ մտնում են նաև բռնկումները` հրվիժակները, որոնք շատ ավելի մեծ գոյացություններ են, կարող են գալ ու զգալի վնաս հասցնել երկրագնդին։ Նրանց ազդեցությունը կարող է հասնել Երկրին արեգակնային քամու, տարբեր մասնիկների ձևով։ Դրանք ամենից մեծ ազդեցությունը թողնում են հեռահաղորդակցությունների, էլեկտրական համակարգերի, մասնավորապես էլեկտրակայանների վրա, որոնք լրիվ շարքից դուրս են գալիս»,– ասաց Միքայելյանը։
Այս դեպքում, ըստ նրա, երկրագնդի մագնիսական դաշտն է հիմնական պաշտպան հանդիսանում, առանց որի Երկրի մարդիկ ուղղակի կկործանվեին արեգակնային ակտիվությունից։