ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և Իրանի բանակի շտաբի պետ-գլխավոր հրամանատարի համակարգման հարցերով տեղակալ, Իրանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Հաբիբոլլա Սայարին Պեկինում ընթացող անվտանգության հարցերով Սյանշանի 11-րդ համաժողովի ընթացքում քննարկել են ծովային պարեկության, ինչպես նաև կրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացումը, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Հանդիպման ընթացքում քննարկված հարցերից էին հյուսիսային և հարավային շրջաններում համատեղ ծովային պարեկության շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև մասնագիտացված համատեղ զորավարժությունների անցկացումը։ Կողմերը նաև ընդգծել են կրթական ոլորտում փոխգործակցության բարձրացման անհրաժեշտությունը, այդ թվում դասախոսների և ուսանողների փոխանակման ուղղությամբ», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Սյանշանի անվտանգության համաժողովն անցկացվել է Պեկինում սեպտեմբերի 12-14-ին։ Համաժողովին ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը: