ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ Կուրսկի շրջանում գերեվարված 103 ռուս զինվորականներ վերադարձվել են Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվել է Կուրսկի շրջանում գերեվարված 103 ռուս զինծառայող։ Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի ԶՈւ–ի 103 ռազմագերի», — ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այժմ ՌԴ զինվորականները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։ Այնուհետև նրանց կտեղափոխեն Մոսկվա՝ բուժման և վերականգնման համար։
Նշվում է, որ փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄԷ-ի միջնորդությամբ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ RT-ի «Կամուրջներ դեպի արևելք» ծրագրին տված հարցազրույցում ասել էր, որ ուկրաինացի զինվորականները Կուրսկի վրա հարձակվել են գերիներ վերցնելու համար, ինչը խոստովանել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: