Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը մոտ 5 ժամ է տևել

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել բազմաոլորտ հարցերի, այդ թվում՝ տրանսպորտային, ավիացիոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ երեկ` սեպտեմբերի 13–ին կայացած հանդիպումը մոտ 5 ժամ է տևել, ինչը նշանակում է, որ համատեղ աշխատանքը շատ է։ Այսօր Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մանրամասն անդրադարձ ունեցանք ամբողջ երկկողմ օրակարգին։ Քննարկել ենք և՛ տրանսպորտային կապի, և՛ երկկողմ առևտրի հարցերը, անդրադարձել ենք հումանիտար, ավիացիոն ոլորտում համագործակցությանը, նաև զբոսաշրջությանը»,- նշեց Օվերչուկը։

Նա շեշտեց, որ հատկապես մեծ տեմպով վերջին շրջանում զարգանում է զբոսաշրջությունը երկու երկրների միջև։ Միայն 2023 թվականին Ռուսաստանից Հայաստան մոտ 1 միլիոն մարդ է եկել։
«Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, մեծ պահանջարկ ունի, մեր երկրից սիրում են գալ, այստեղ միշտ զգում են երկրի ու հայ ժողովրդի ջերմությունը»,- ասաց ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։
Նա հավելեց՝ պետք է ջանքեր գործադրվեն երկու երկրների կապերն առավել ամրապնդելու համար։
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում պայմանավորվել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նոր նիստի մասին, որը կանցկացվի ՌԴ-ում: