Ինչո՞ւ են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները

«Հրապարակը» թվարկում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ու ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի միջև լարվածության հնարավոր պատճառները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այնքան էլ ոգևորված չէ Գուրգեն Արսենյանի նշանակմամբ, և դեսպանի ու նախարարի հարաբերություններում որոշակի լարվածություն կա: Այս մասին գրում է «Հրապարակը»։
«Ոմանք դա բացատրում են նրանով, որ Արսենյանի թեկնածությունն առաջադրել և առաջ է մղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Արարատ Միրզոյանը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, որ 2021-ի ընտրություններից հետո Ալեն Սիմոնյանն իր «աթոռին» է նստել` իրեն «գործուղելով» ԱԳՆ, ինչն ինքը պաշտոնի իջեցում է դիտում»,–գրում է թերթը:
Բացի այդ, հիշեցնում է «Հրապարակը», ժամանակին Գուրգեն Արսենյանն ԱԺ-ում մի ելույթ է ունեցել, որտեղ իրեն բնորոշ ոճով մի թեթև դաս է տվել Միրզոյանին` խորհուրդներ տալով, առաջարկներ անելով:
«2022 թ․ նոյեմբերի 3-ի այդ ելույթում նա թեև բավականին կոռեկտ ձևակերպումներով է խոսել, բայց քննադատել է դիվանագիտական ոլորտի ֆինանսավորումը՝ նկատելով, որ այն պետք է մեծացնել, որ արդյունքն էլ մեծ լինի: Ոմանք կարծում են, որ այդ ելույթն էլ Միրզոյանը չի մոռացել»,–հավելում է թերթը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվեց օգոստոսի 15-ին։ Մինչ այդ ՌԴ–ում ՀՀ դեսպանը Վաղարշակ Հարությունյանն էր, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022–ի հունվարին։