ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ում Հայաստանը շատ ակտիվ, դրական դեր ունի։ Այսօր Ախթալայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 13–ին կայացած հանդիպման ընթացքում քննարկել են և՛ այդ հարցը, և՛ ապագային վերաբերող ծրագրեր։
«Լավ, հանգամանալից զրույց է կայացել»,- նշեց ՌԴ փոխվարչապետը` նշելով, որ Փաշինյանի հետ մանրամասն քննարկվել են երկկողմ օրակարագին վերաբերող հարցեր, անդրադարձ է արվել տնտեսական համագործակցության արդյունքներին, աճող ապրանքաշրջանառությունը։
Օվերչուկը շեշտեց՝ եթե 2023թ․ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 7,3 միլիարդ դոլար էր, ապա այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 8,4 միլիարդ դոլարը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է աճում և զարգանում Հայաստանի տնտեսությունը՝ ցույց տալով ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի աճի ամենալավ տեմպերը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ տնտեսական նման հաջողություններն առաջնահերթ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիոն կապերի շնորհիվ են»,- նշեց Օվերչուկը։
Նրա խոսքով՝ սա հնարավոր է դարձել մի քանի պատճառներով․ հասանելիություն դեպի 190-միլիոնանոց շուկա, անմաքս առևտուր, ապրանքների, ծառայությունների, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատություն և այլն։
ՌԴ փոխվարչապետը շեշտեց, որ սա ԵԱՏՄ-ի անդամ 5 երկրների մշտական աշխատանքի արդյունքն է։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: