Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի ՌԴ-ում

Երևանում կայացած հանդիպման շրջանակներում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում պայմանավորվել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նոր նիստի մասին, որը կանցկացվի ՌԴ-ում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը: Առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և կրթության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են փոխվարչապետերին կատարված աշխատանքները:
«Վստահ եմ, որ այսօրվա հանդիպման ընթացքում մենք կմշակենք գործնական համատեղ քայլեր, որոնց իրականացումը կապահովի մեր երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա ամրապնդումը»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին ՌԴ պատվիրակությանը ցուցաբերած ավանդական հյուրընկալության, կառուցողական տրամադրվածության և բարեկամական միջավայրի համար: