Թե ինչպես Քրիստոսին մատնած Հուդան փչացրեց նաև մեր այս գեղեցիկ սեպտեմբերյան օրը

Անկեղծ խոստովանեք՝ դուք տառապո՞ւմ եք տրիսկայդեկաֆոբիայով։ Ինչպե՞ս թե` գաղափար չունեք, թե ինչ է տրիսկայդեկաֆոբիան։
Sputnik
Հին հունարեն «տրիս» բառը, բնականաբար, նշանակում է «երեք», անգլերեն՝ three, ռուսերեն՝ Три։ «Կայ»-ը «և»-ն է, «դեկա»-ն, դե գիտեք, 10-ն է, ֆոբիան էլ, կարծում եմ, թարգմանելու կարիք չկա։ Ու ստացվեց, որ տրիսկայդեկաֆոբիա նշանակում է՝ վախ 13 թվից։ Եթե 13-ը անհաջող օր եք համարում, իմացե՛ք, որ դուք մենակ չեք, մենակ չեք, մենակ չեք։ Գյոթեն այդ օրը տանից դուրս չէր գալիս, Նապոլեոնը ճակատամարտ չէր ծրագրում, Բիսմարկն էլ պայմանագիր չէր կնքում։
Թե ե՞րբ, որտե՞ղ և ինչո՞ւ է ձևավորվել այս անհասկանալի բացասական վերաբերմունքը խեղճ ու անմեղ 13-ի նկատմամբ, ոչ ոք ստույգ չգիտի, բայց վարկածներն անպակաս են։ Որոշ մասնագետներ պնդում են, թե 13-ը անցանկալի ու մերժված է համարվել դեռ Բաբելոնում։ Այլապես ինչո՞ւ է Համմուրապի արքայի 282 հոդվածներից բաղկացած հայտնի օրենսգրքում բացակայում թիվ 13-րդ հոդվածը` հարցնում են ուսումնասիրողները։ Պատկերացնո՞ւմ եք՝ թերթում եք Հայաստանի քրեական օրենսգիրքը և զարմանքով հայտնաբերում, որ 12-րդ հոդվածին հետևում է 14-րդը։
Շատ ավելի տարածված է այն վարկածը, ըստ որի, Հուդան 13-րդ հյուրն էր Քրիստոսի հրավիրած խորհրդավոր ընթրիքի ժամանակ, և քանի որ հենց նա մատնեց Հիսուսին, քրիստոնյաները մինչև այժմ մեծ վերապահումներով են վերաբերվում այդ թվանշանին։ Ասում են` մի ժամանակ որոշ երկրներում նույնիսկ էդպիսի ծառայություն է գործել՝ «14-րդ հյուր»։ Եթե ճաշկերույթ էիք կազմակերպում, և հանկարծ պարզվում էր, որ սեղանի շուրջ հենց 13 մարդ է հավաքվել, անմիջապես զանգահարում էիք և կանչում այդ 14-րդ հյուրին։ Համաձայնե՛ք, համ գաս, ձրի ուտես-խմես՝ որքան քեֆդ ուզի, համ էլ որոշակի գումար ստանաս մատուցածդ ծառայության համար։ Երանելի աշխատանք։
Կա, իհարկե, նաև շատ ավելի խորիմաստ, փիլիսոփայական բացատրություն։ Ժամանակին մարդիկ հավատում էին, որ 12 թիվը մոգական, այսօր կասեին՝ համակարգող նշանակություն ունի. նրանով են պայմանավորված տիեզերական կարգուկանոնը, հավասարակշռությունը, ներդաշնակությունը՝ 12 ամիս, 12 ժամ, կենդանակերպի 12 նշան, Հերակլեսի 12 սխրանքները և այլն։ Իսկ 13-ը այդ ամենից անդին է և ուրեմն, խորհրդանշում է քաոսը, անկառավարելիությունը, անսկզբունքայնությունը, մի խոսքով՝ այն ամենը, ինչը մեր հարազատ իշխանությունները վերագրում են մեր հարազատ ընդդիմությանը։
Կա՞ արդյոք աշխարհում ավելի վատ բան, քան ամսի 13-ը։ Այո՛, շատ ճիշտ եք, կա՛։ Դա այն դեպքն է, երբ ամսի 13-ը համընկնում է ուրբաթ օրվա հետ։ Այս տարի նման բան այսօր առաջին անգամ է պատահել ու մեկ էլ կլինի դեկտեմբերի 13-ին։ Իսկ այն հարցին, թե արդյոք նման բան կարո՞ղ է տարվա ընթացքում երեք անգամ պատահել, մասնագետները պատասխանում են՝ այո, նման բան լինում է 11 տարին մեկ։ Եվ եթե դուք հենց այդ դեպքերից եք ամենից շատ վախենում, ուրեմն ունեք մեկ այլ ախտանիշ, որը կոչվում է պարասկավեդեկատրիաֆոբիա։ Այդ անվանումը շրջանառության մեջ դրած դոկտոր Դոնալդ Դոսսին կատակով ասում էր. «Փորձեք արտասանել այդ բառը, եթե ստացվեց, ուրեմն դուք արդեն բուժվել եք»։
Արդյոք ամսի 13-ը, այն էլ ուրբաթ օրվա հետ համընկնող 13-ն այդքան սարսափելի՞ է։ Այս հարցի պատասխանը ստացա, երբ լսեցի կառավարության վերջին հարցուպասխանի ժամանակ հնչած պարզապես ֆենոմենալ մեկնաբանությունները։ Չգիտեմ, հետևե՞լ եք արդյոք։ Բոլոր դեպքերում, շատ հակիրճ պատմեմ։ Գլխավոր դատախազը խորհրդարանում հայտարարեց, որ այս տարի առանձնապես ծանր հանցագործությունների թիվը մեզ մոտ ավելացել է գրեթե 18 տոկոսով։
Ամենաբարձր մակարդակով հնչած մեկնաբանությունը մոտավորապես այսպիսին էր՝ իսկ ո՞վ ասաց, որ դա վատ է, չէ՞ որ կարելի է ենթադրել, որ իրավապահ մարմինների գերազանց աշխատանքի շնորհիվ պակասել է այսպես կոչված լատենտ, այսինքն, չգրանցված հանցագործությունների թիվը, դրա համար էլ համապատասխանաբար մեծացել է նաև արձանագրված հանցագործությունների քանակը։ Այսինքն, տեսեք, թե ինչ շահեկան բան է ստացվում՝ վիճակագրությունն արձանագրում է, որ հանցագործությունները պակասել են՝ ապրեն մեր իրավապահները, վիճակագրությունն արձանագրում է, որ հանցագործությունների թիվն աճել է՝ էլի ապրեն մեր իրավապահները, որոնք կրճատել են լատենտ հանցագործությունը։
Այս օրիգինալ մոտեցումը միանգամայն կիրառելի է նաև ամսի 13-ին տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ։ Ընդամենը մի օրինակ. ուղիղ 84 տարի առաջ՝ 1940 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ կրկին ուրբաթ էր, գերմանացիները ուժգին ռմբակոծության ենթարկեցին Լոնդոնը և մասնավորապես թագավորական նստավայրը՝ Բուքինգհեմյան պալատը։ Այսինքն, կասեն շատերը, աշխատեց 13 թվի անեծքը։ Բայց մյուս կողմից, երջանիկ պատահականությամբ թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկը չտուժեց։ Այսինքն, կպնդեն ընդդիմախոսները, աշխատեց 13 թվի հրաշքը։
Ինչևէ, եթե դեռ չեք կողմնորոշվել՝ լա՞վ, թե՞ վատ օր էր իրականում սեպտեմբերի 13-ը, հետևեք դոկտոր Դոնալդ Դոսսի խորհրդին և փորձեք արտասանել «պարասկավեդեկատրիաֆոբիա» բառը։ Թե ստացվեց, ուրեմն ամեն ինչ կարգին է։