ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի իշխանությունների անվերջ փորձերը՝ Ադրբեջանին «համոզել» ստորագրել մասամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի նախագիծը, լավատեսություն չեն ներշնչում և կարող են միայն բարդացնել բանակցային գործընթացը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցումասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի և արտգործնախարարի վերջին հայտարարությունները, որոնք շարունակում են պնդել, որ փաստաթղթի համաձայնեցված 16 հոդվածներից 13-ը պետք է ստորագրվեն։
Այս միտքն առաջին անգամ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Որոշ ժամանակ անց ադրբեջանական կողմը փաստացի մերժել է։ Այնուհետև հերթը Արարատ Միրզոյանին էր, որը սեպտեմբերի 9-ին Լյուքսեմբուրգի իր գործընկերոջ հետ ճեպազրույցում կրկնեց նույն միտքը: Այնուհետև ստորագրման մասին կրկին խոսեց վարչապետը։
«Փաշինյանի ասուլիսից հետո առաջին իսկ օրերից ակնհայտ էր, որ Բաքուն չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծի միայն համաձայնեցված մասը։ Անհասկանալի է, թե ինչի համար էր պետք կրկին հնչեցնել այդ առաջարկությունը։ Ադրբեջանն ասում է, որ մասնակի համաձայնեցված փաստաթղթի ստորագրումը համարում է դիվանագիտական սկզբունքներին հակասող: Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց անհասկանալի թվաբանությունը (սկզբում Փաշինյանն ասում էր, որ 17 հոդվածներից 13-ն են համաձայնեցվել, հետո հստակեցրել է, որ ընդհանուր 16 հոդված կա՝ խմբ.)»,-նշում է Սուրենյանցը։
Փորձագետի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի որակը որոշվում է ոչ թե համաձայնեցված հոդվածների քանակով, այլ բովանդակությամբ: Եվ ՀՀ վարչապետի պահվածքը շատ անլուրջ է, այն ցույց է տալիս, որ Փաշինյանն այդպես էլ չսովորեց միջազգային հարաբերությունները տարբերել ներքին մանիպուլյացիաներից։
Մեր զրուցակիցը անարդյունավետ է համարում նաև վարչապետի դատողությունները Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ՌԴ սահմանապահների գործառույթների մասին։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում Փաշինյանն ասել էր, թե վերջին շրջանում փորձ է արվում ներկայացնել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում է հաղորդակցությունների անվտանգության ապահովում երրորդ ուժերի կամ երկրի կողմից, բայց նման ըմբռնումը իրականության հետ կապ չունի։
Ընդ որում, նա մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, սակայն բաց է թողել վերջին հատվածը, ըստ որի տրանսպորտային հաղորդակցության (Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ խմբ.) վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության աշխատակիցները։ Հաջորդ օրը խորհրդարանում ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ 9-րդ կետին՝ այս անգամ նորովի մեկնաբանելով ռուս սահմանապահների դերը: Փաշինյանը հայտարարեց, որ գրվածը դեռ չի ենթադրում սահմանապահների ներկայությունը «գետնի վրա, և ոչ մի տեղ նման բան գրված չէ»:
Քաղաքագետի խոսքով՝ բացարձակ կարևոր չէ, թե Փաշինյանն ինչպես է պատկերացնում հայտարարության 9-րդ կետի բովանդակությունը, եթե նա չի կարող այդ բովանդակությունը «պարտադրել» եռակողմ հայտարարության մյուս մասնակիցներին, կամ էլ այնպիսի քաղաքականություն վարել, որ կողմերից մեկի շահերը համահունչ լինեն վարչապետի պատկերացումներին:
«Փաշինյանը փակուղում է հայտնվել․ նա չի կարող հետ կանչել իր ստորագրությունը եռակողմ հայտարարության տակից, քանի որ արևմտյան հարթակներում նրան չի հաջողվել նմանատիպ փաստաթղթի ստորագրման հասնել։ Այս ֆոնին ստորագրությունը հետ կանչելը կհամարվի casus belli (պատերազմի առիթ): Բայց casus belli է նաև այս իրավիճակը, որովհետև Բաքուն կարող է մանիպուլյացիա համարել Փաշինյանի հայտարարությունները»,-ասում է նա։
Այս իրավիճակից ելք փորձագետը համարում է ոչ թե մանիպուլյացիաները, այլ հաղորդակցությունների ապաշրջափակման պակաս ռիսկային տարբերակների որոնումները Ռուսաստանի և Ադրբեջանի հետ։ Սուրենյանցը վստահ է, որ այդպիսի տարբերակներ կգտնվեն։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չեն լսել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեղյալ հայտարարելու Երևանի ցանկության մասին՝ ոչ դիվանագիտական խողովակներով, ոչ էլ հրապարակային: Այնուամենայնիվ, բազմիցս փորձեր են եղել շահարկել ինչպես ամբողջական փաստաթուղթը, այնպես էլ դրանց առանձին կետերը: Բաքվում եռակողմ հայտարարության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները «իրականության խեղաթյուրում» են անվանել: