ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին այժմ խոսք չի գնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով բրիտանական դեսպանատան աշխատակիցների հետախուզական գործունեության մասին ՌԴ ԱԴԾ–ի հաղորդումը։
«Այդ մասին խոսք չի գնում», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ–ն հայտնել էր հետախուզաքայքայիչ աշխատանքի համար Մոսկվայում Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի 6 աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին։
ՌԴ ԱԴԾ–ն հայտարարել էր, որ փաստաթղթեր է ստացել, որոնք հաստատում են, որ Լոնդոնն է համակարգում աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի սրացումը։ Ռուսական ուղղությամբ և ԱՊՀ–ում քայքայիչ քաղաքականությունը համակարգող գլխավոր կառույց է անվանվել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դիրեկտորատը, որը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո վերածվել է հատուկ ծառայության, որի հիմնական խնդիրը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն է։