ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի –Sputnik. Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին կժամանի Հայաստան։ Նա այս մասին գրել է X–ի իր միկրոբլոգում ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ զրույցից հետո։
«Քիչ առաջ զանգ ստացա ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանից։ Նրա հետ զրույցի ընթացքում ես վերահաստատեցի բոլոր հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու մեր ցանկությունը։ Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անխախտելիության վերաբերյալ»,– գրել է նա։
Իրանի ԱԳ փոխնախարարը հավելել է, որ սիրով ընդունել է Հայաստան այցելելու` հայ գործընկերոջ հրավերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։
Օրերս միջազգային համաժողովի շրջանակներում Երևան էր այցելել Իրանի ԱԳ նախարարի մեկ այլ տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլեսլամին: Նա նշել էր, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համատեքստում Թեհրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերմանն ուղղված բանակցությունները և ընդգծում խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի արագացման կարևորությունը: