ՀՀ–ում Իրանի դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան

Այցից հետո Մեհդի Սոբհանին խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են էլեկտրահաղորդման գծին և ծրագրի ավարտի արագացմանն առնչվող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում (Սյունիքի մարզ) կառուցվող 400 կՎ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի ընթացքին, որն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում Իրանի դեսպանությունը։
Այցի ընթացքում դեսպանը տեղեկացվել է ծրագրի ընթացքի մասին՝ տեղում ծանոթանալով ծրագրի կատարողական և տեխնիկական փուլերին։
Այցից հետո Մեհդի Սոբհանին փորձագետների և մասնագետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են էլեկտրահաղորդման գծին և ծրագրի ավարտի արագացմանն առնչվող հարցեր։
Ընդգծվում է, որ այս նախագիծը, որպես երկու երկրների էներգետիկ որոլտում համագործակցության զարգացման կարևորագույն ծրագրերից մեկը, առանձնահատուկ նշանակությամբ է օժտված։
Նորավանի ենթակայանի ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ծավալները նույնպես կմեծացնի` 350 մեգավատտը հասցնելով 1500-ի, որը կբերի նաև էլեկտրաէներգիայի սակագնի բեռի թեթևացման:
ՀՀ–ի վերաբերյալ երազները, այդ թվում` միջանցքի մասին, իրականություն չեն դառնա. Իրանի դեսպան
Սրանով կբարձրանա Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, նաև կունենանք էներգետիկ անվտանգության ապահովման նոր մակարդակ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 106.8 մլն եվրո: 85%-ը Իրանի արտահանման զարգացման բանկի վարկային միջոցներն են, մնացածը՝ «SUNIR International FZE» ընկերության փոխառությունն է, որը ծրագրի գլխավոր կապալառուն է: