ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Օլիմպիադայի 3-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը:
Հայկ Մարտիրոսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Հունգարիայի երկրորդ հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կավարտվի սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։