ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ղրիմի պատկանելության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև եղած տարաձայնություններից մեկն է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս հարցում մենք իսկապես լիովին հակադիր կարծիքներ ունենք։ Միևնույն ժամանակ մենք չենք դադարեցնում մեր տեսակետն ու դիրքորոշումը պարզաբանելու փորձերը։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում դա թույլ կտա Անկարային ավելի լավ հասկանալ մեզ և ընդունել մեր փաստարկները», - ասել Է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում այսպես կոչված «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել Է Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու անհրաժեշտության մասին, քանի որ դա «միջազգային իրավունքի պահանջն է»:
Ի պատասխան Էրդողանի հայտարարության՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ռուսական տարածաշրջանները, այդ թվում՝ Ղրիմը, Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում չեն քննարկվի: Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը երկար տարիներ նման հայտարարություններ է լսում Թուրքիայի տարբեր ներկայացուցիչներից: Ավելի վաղ Պետդումայում հայտարարել էին, որ Ղրիմի մասին խոսքերը ստվեր են գցում Էրդողանի խաղաղարար նախաձեռնությունների վրա: