Եթե Սնուպ Դոգի համերգը տեղի չունենա, բոլոր գումարները կվերադարձվեն. ԿԳՄՍ նախարար

Նախարարի խոսքով` թե համաձայնության չգան երգչի հետ, համերգը տեղի չունենա, ամբողջ պարտավորվածությունը կլուծվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուպ Դոգի՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նախատեսված համերգը եթե չկայանա, համերգի կազմակերպման համար տրամադրած բոլոր գումարները կվերադարձվեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշեց, որ չի կարող ասել, թե երբ է տեղի ունենալու Սնուպ Դոգի համերգը, որովհետեւ ԿԳՄՍ նախարարությունը չի կազմակերպում համերգը, այլ միայն հանդիսանում է ֆինանսավորող կողմը։ Նա հիշեցրեց, որ համերգի բանակցությունները և կազմակերպումը «Դոփինգ Սփեյս» ընկերության գործն է:
«Մենք իրենցից գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները։ Սպասում ենք նրանց արձագանքին։ Մեր տեղեկություններով, իրենք բանակցություններ են վարում օրերի շուրջ։ Այս պահին որևէ լրացուցիչ նորություն չկա։ Ստեղծված իրավիճակում ելքը երկուսն է. կամ օրը կհամաձայնեցնեն, և համերգը տեղի կունենա, կամ եթե համաձայնության չգան երգչի հետ՝ համերգը տեղի չունենա, ամբողջ պարտավորվածությունը կլուծվի, բոլոր գումարները կվերադարձվեն»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ռեփեր Սնուպ Դոգի՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նախատեսված և չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։
ՄՊՀ–ն արձանագրել է, որ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարողի՝ առանց մրցույթի:
Հիշեցնեք՝ ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել է դրամաշնորհի տեսքով։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուպ Դոգը գումարը չի վերադարձրել։ Ռեփերի հոնորարը կազմում է 1,8 մլն դոլար։