ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ԵՄ-ն մտադիր է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել «Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը։
Միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն սեպտեմբերի 10-ին ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Բրյուսելն իբր «հավաստի տեղեկություն» ունի Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռների մատակարարման մասին, և որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը միության անդամ երկրներին Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել՝ ի պատասխան նման մատակարարումների:
«Եվրամիությունը կարձագանքի օպերատիվ և միջազգային գործընկերների հետ համակարգմամբ, այդ թվում՝ Իրանի դեմ նոր սահմանափակող միջոցների ներդրման ճանապարհով՝ ներառելով այն անձանց և կազմակերպություններին, որոնք առնչություն ունեն իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ծրագրերին: Այդ կապակցությամբ սահմանափակող միջոցառումներ են դիտարկվում նաև Իրանի ավիացիոն ոլորտում», - նշվում Է փաստաթղթում։
Հիշեցնենք՝ ամերիկյան CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, սեպտեմբերի 6-ին պնդել էր, թե իբր Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել ՌԴ-ին Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործելու համար:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել էր այդ լուրը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 9-ին հայտարարել էր՝ ամեն անգամ չէ, որ նման տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Մոսկվայի և Թեհրանի երկկողմ համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության հետ կապելու ցանկացած փորձ իրականացվում է Արևմուտքի կողմից Կիևին զենքի մատակարարման շարունակությունն արդարացնելու նպատակով: