ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Թերթի աղբյուրները հայտնում են, որ Խաչատրյանն արդեն իսկ պատրաստվում է Գորիսի հաջորդ ՏԻՄ ընտրություններին, որոնք կազմակերպվելու են 2026 թվականի աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո:
«Իշխանական գործընկերների շրջանում նա ասել է՝ եթե Առուշին իսկապես չեզոքացնեն, ապա ինքը բոլոր շանսերն ունի Գորիսի հաջորդ համայնքապետը դառնալու: Ավելին՝ անկեղծացել է, որ այդ հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին (ՀՀ վարչապետ,–խմբ.), թեպետ դեռ «դաբրո» չի ստացել, բայց չի էլ մերժվել»,–գրում է թերթը։
Նշվում է, որ մինչև 2025-ի աշուն իշխանության օրակարգում է Գորիս և Տեղ համայնքները միավորելու ծրագիրը, իսկ սա նշանակում է, որ Գորիսի հաջորդ համայնքապետը, ըստ էության, Սյունիքի մոտ կեսի ղեկավարն է լինելու:
Հիշեցնենք` քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։