ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Վանաձորի համայնքապետարանի նախկին աշխատակիցը 18 մլն դրամ գումար է հափշտակել` 9 տարի շարունակ հավաքած հարկերի և վարձավճարների գումարները չմուտքագրելով համայնքային բյուջե։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Վանաձոր քաղաքի 60–ամյա բնակիչը 2002թ․–ից աշխատել է Վանաձորի համայնքապետարանում՝ որպես կրտսեր մասնագետ։ Վերջինս ի պաշտոնե իրավունք ուներ իր սպասարկման տեղամասում հաշվառված իրավաբանական անձանց գույքահարկը և հողի հարկը, ֆիզիկական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվառման հարկերը հավաքել։ 2013թ․–ից 2022թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում վերջինս ավելի քան 40 քաղաքացուց, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ ՍՊԸ–ներից հավաքել է հողի և գույքի վարձակալության դիմաց իրեն վստահված հարկերի գումարներն ու չի մուտքագրել համայնքի բյուջե, այլ ծախսել է անձնական կարիքների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Կատարված հափշտակությամբ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 18 մլն ՀՀ դրամ:
60–ամյա տղամարդու նկատմամբ վստահված գույքը հափշտակելու հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել:
Նախաքննությունը շարունակվում է։