Ռուսական կոլեկտիվը կմասնակցի Հայաստանում կայանալիք սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնին

Yerevan Classic Ֆեստ փառատոնը կանցկացվի open-air (բացօթյա) ձևաչափով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի առաջին միջազգային փառատոնը, որին կմասնակցի Ռուսաստանի Վաստակավոր կոլեկտիվը՝ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժոր Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մամուլի ծառայությունը։
Փառատոնը կանցկացվի Երևանում՝ սեպտեմբերի 17-24-ին: Ռուսական կոլեկտիվը ելույթ կունենա սեպտեմբերի 18-ին և 19-ին՝ Թումանյանի այգում:
Առաջինը տարածաշրջանում. ՀՀ սիմֆոնիկ նվագախմբի XVIII համերգաշրջանի խոշոր իրադարձությունները
Սանկտ Պետերբուրգի կոլեկտիվը կկատարի ռուսական երաժշտության գլուխգործոցներ՝ սյուիտ «Շչելկունչիկ» բալետից և Չայկովսկու 6–րդ «Պաթետիկ» սիմֆոնիան, Ռախմանինովի՝ Պագանինիի թեմայով ռապսոդիան, Շոստակովիչի 5–րդ սիմֆոնիան, Պրոկոֆևի 2–րդ դաշնամուրային կոնցերտը։ Մենակատարը կլինի Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, դաշնակահար Իլյա Պապոյանը:
Նիկոլայ Ալեքսեևի խոսքով՝ ծրագրերի կազմման ընթացքում փառատոնի կազմակերպիչները ռուսական կողմին ստեղծագործական ազատություն են տվել:
«Ընտրել ենք մեր խաղացանկի ադամանդները՝ այն ստեղծագործությունները, որոնց հետ Ռուսաստանիվաստակավոր կոլեկտիվն է ասոցացվում ամբողջ աշխարհում»,-պատմել է նա:
Պետերբուրգի ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժորը նշել է, որ Yerevan Classic Fest փառատոնն անցկացվելու է open-air (բացօթյա) ձևաչափով: Մաեստրոյի ղեկավարությամբ նվագախումբն առաջին անգամ բաց երկնքի տակ կկատարի Չայկովսկու վեցերորդ սիմֆոնիան:
Քարերի սիմֆոնիա, լուսավորություն ու կենդանի երաժշտություն․ բացառիկ շոու Գառնու ձորում
Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի առաջին միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 17-24-ին: Ելույթ կունենան Միլանի Լա Սկալա թատրոնի ակադեմիայի նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, «Երևան» երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը: