ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայ–չինական ռազմական համագործակցությունը վերջին տարիներին նկատելիորեն առաջընթաց է ապրել։ Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, այս մասին հայտարարվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հանդիպման ժամանակ։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են 2 երկրի միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։ Կողմերը նաև ընդգծել են, որ վերջին տարիներին ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Պապիկյանն ու Ցզյունը պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն ավելի զարգացնելու` ներառյալ բարձրաստիճան շփումները 2 երկրի ԶՈւ–ի միջև։
Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք` Պապիկյանը Չինաստան է մեկնել սեպտեմբերի 10-ին։ Այցն աշխատանքային է։