ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՆԳՆ Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակից Արթուր Այվազյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Այվազյանը վիրավորվել էր սեպտեմբերի 7-ին Նալբանդյան գյուղում ծառայողական պարտականությունները կատարելիս, սեպտեմբերի 8-ին նրան վիրահատել էին:
«Վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկայով։ Նրան տեղափոխել են հիվանդասենյակ», - հայտնել են ՆԳՆ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Նալբանդյան համայնքում օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը` ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը մահացել է, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը վիրավորվել է։ Հանցանքը կատարելու մեջ կասկածվող Նալբանդյան համայնքի բնակիչ 41-ամյա Մանուկ Մարգարյանը ձերբակալվել է։