ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Մեր երկրում ամեն ինչ ահավոր դանդաղ է։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` դժգոհելով երկրի զարգացման տեմպերից։
Ըստ նրա` մեր երկրում երկու բան է արագ ստացվում` մենք մեքենա վարելիս ու սեղանի շուրջ ենք միայն կարողանում մեծ արագություններ բացել։
«...Որ դանդա՜ղ ոտքդ գազին դնես ու ինչքան հնարավոր է` արագություն բացես, ու նաև արագ սնվես, որ հնարավորինս մեծ վնաս տաս առողջությանդ»,– ընդգծեց նա։
Վարչապետի խոսքով` կառավարությունն էլ է շատ դանդաղ շարժվում, դանդաղ մտածում, որոշումների կայացման գործընթացն էլ է դանդաղ անում։
«Իրադրությունը վերլուծելու ու հասկանալու հմտությունն էլ է դանդաղ, իրավիճակներին արձագանքելու մեր մենթալիտետն էլ է դանդաղ։ Արագություն է պետք. արագությունը պրոֆեսիոնալիզմի մաս է, քանի որ կարող է շատ լավ փրկարար լինել, ամեն ինչ շատ լավ իմանա, սակայն այդ «կրանթը» բացելու արագությունը մարդկանց կյանքերի հետ է կապված։ Մեր շտապօգնության ծառայությունն էլ է դանդաղ»,– հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի` դա է պատճառը, որ մենք հետ ենք մնում կյանքից։