ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Լարսի հետ ավելի արագ կապ ապահովելու համար Վրաստանում կկառուցեն ամենաբարձր կամուրջը։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։
Կամուրջը կառուցվում է Քվեշեթի–Կոբի 23 կիլոմետրանոց ավտոմայրուղու նախագծի շրջանակում։ Նախագծով նախատեսվում է կառուցել 5 կամուրջներով և 5 թունելներով երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, մեկ կամրջի վերանորոգում, ինչպես նաև Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր տանող 5 կմ ճանապարհի կառուցում:
«Դա կլինի ամենաբարձր կամուրջը, որի հենարանների բարձրությունը կլինի 48 և 47 մետր։ Մինչ այժմ ամենաբարձր` 42 մետրանոց հենարանները մենք ունեցել ենք Խաշուրի շրջանցիկ ճանապարհին (Շիդա Քարթլիի շրջան)»,– ասել է Կարսելաձեն։
Նրա խոսքով՝ արդեն ավարտվել է 9–կիլոմետրանոց տարհանման թունելի հորատումը։ Այն անցնում է գլխավոր թունելին զուգահեռ, որի երկարությունը 9 կմ է, լայնությունը՝ 15 մետր։
Ներկայում ինտենսիվ աշխատանքներ են տարվում ինժեներական կոմունիկացիաների կահավորման, էլեկտրամատակարարման, անվտանգության և այլ անհրաժեշտ համակարգերի ապահովման ուղղությամբ:
Ծրագրի շրջանակում ավարտվել է նաև 1500 մ և 500 մ երկարությամբ թունելների հորատումը: Աշխատանքներ են տարվում մյուս երկու թունելների հորատման ուղղությամբ:
Ծրագրի ավարտից հետո Քվեշեթիից Կոբի ճանապարհը կտևի 15 րոպե՝ ներկայիս 1 ժամի փոխարեն:
Քվեշեթի–Կոբի նախագիծն իրականացվելու է 2024–2025 թթ.` փուլ առ փուլ։ Նախագծի ընդհանուր արժեքը 1,2 մլն լարի է (մոտ 445 հազար դոլար)։