Կալանավորվել են ԱՄՆ–ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման կազմակերպիչին և կատարողները

Դատական նիստն անցկացվել է դռնփակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Երևանում` ԱՄՆ–ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման մեջ կասկածվող 4 անձի դատարանը 2 ամսով կալանավորել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 դիմակավորված անձ, ներկայանալով ԱԱԾ աշխատակից, սեպտեմբերի 4-ին Երևանի լողավազաններից մեկից առևանգել են մի կնոջ` նստեցնելով «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ կինը հայտնաբերվել է Տավուշի մարզի գյուղերից մեկում, իսկ նրան առևանգած 3 կասկածյալները` «Զվարթնոց» օդանավակայանում։
«Դատավոր Արթուր Գաբրիելյանը դռնփակ դատական նիստի ժամանակ բավարարել է քննիչների միջնորդությունը և կազմակերպիչ` Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Իսրայելյանը, ինչպես նաև կատարողներ` Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Արկադի Պապյանը, Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մուրադյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արծրուն Օհանյանը կալանավորվել են և դատարանից տեղափոխվել ՀՀ ՔԿՀ»,– գրում է կայքը։
Հիշեցնենք, որ Երևանում առևանգված 55-ամյա կնոջ ամուսնուց 4 մլն դոլար փրկագին են պահանջել, որը պետք է կրիպտոարժույթի միջոցով փոխանցվեր։
Կայքի տեղեկություններով՝ հանցագործներն առևանգված կնոջ ամուսնուց սկզբից պահանջել էին 4 մլն ԱՄՆ դոլար փրկագին, հետո բանակցությունների արդյունքում այն դարձել էր 2 մլն դոլար, իսկ երբ ամուսինն ԱՄՆ-ից վերադարձել էր Հայաստան, փրկագինը դարձել էր 800 հազար դոլար։