Ի՞նչ վիճակում են «Հրազդան» ՋԷԿ–ի ձուլարանի պայթյունից տուժածները. մանրամասներ

Երկու բուժառուի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուս երկուսի վիճակը թեթև է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Հրազդան» ՋԷԿ ԲԲԸ–ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածներից մեկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Երկու պացիենտի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուս երկուսի վիճակը թեթև է։ Մեկ տուժածի դեպքում, որի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր ու վիրահատվել էր, դրական դինամիկա կա։ Կյանքին վտանգ չի սպառնում»,– ասացին նախարարությունից։
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։ Դրա հետևանքով 1 անձ մահացել է, 5-ը տուժել են։
Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվածի հանգամանքները և պատճառները պարզվում են։