Համապատասխանում է Երևանի շահերին. Պանովան՝ ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցության մասին

Վիկտորյա Պանովա
Երևանը կարծում է, որ ԲՐԻԿՍ-ը համապատասխանում է երկրի շահերին, ըստ այդմ՝ կմասնակցի Կազանում հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին, սակայն մասնակցության հայտ ներկայացնել չի շտապում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ի՞նչ հնարավորություններ է բացում Հայաստանի համագործակցությունը միավորման հետ, և ինչո՞վ կարող է մեր երկիրը հետաքրքիր լինել միավորման համար: Այս և այլ հրատապ հարցերի շուրջ Sputnik Արմենիան «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում զրուցել է ԲՐԻԿՍ-Ռուսաստան փորձագիտական խորհրդի ղեկավար, բարձրագույն տնտեսագիտական դպրոցի պրոռեկտոր, «Կանանց քսանյակում» Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Պանովայի հետ։
- Հայաստանը բարձր մակարդակով կմասնակցի ԲՐԻԿՍ գագաթաժողովին Կազանում։ Ինչպե՞ս է դա ազդելու միավորման հետ մեր երկրի համագործակցության վրա:
- Դա միանգամայն տրամաբանական քայլ է և լիովին համապատասխանում է Հայաստանի շահերին։ Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում ԲՐԻԿՍ-ի նկատմամբ հետաքրքրությունն ավելի ու ավելի է մեծանում. ԲՐԻԿՍ-ը առաջնորդների ոչ ֆորմալ միավորում է, որը թույլ է տալիս լուծել առանցքային հարցեր՝ ինչպես միավորման երկրների, այնպես էլ այլ երկրների շահերի տեսանկյունից: Միավորումն աշխատում է բոլոր երեք հիմնական ուղղություններով՝ տնտեսություն և ֆինանսներ, քաղաքականություն և գլոբալ կառավարում, հումանիտար համագործակցություն: Նույնիսկ եթե վերցնենք միայն տնտեսական ուղղությունը՝ հասկանում ենք, որ դա Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություններ կբացի, կնպաստի ԲՐԻԿՍ երկրներից յուրաքանչյուրի հետ կապերի հաստատմանն ու ամրապնդմանը։ Արդեն հիմա Հայաստանի կարևորագույն առաջին չորս գործընկերները միավորման անդամներն են (Ռուսաստան, ԱՄԷ, Չինաստան, Իրան)։ Կա հետագա՝ ավելի խորը համագործակցության զգալի ներուժ ինչպես նրանց, այնպես էլ ԲՐԻԿՍ-ի մնացած անդամների հետ:
Բացի այդ, կարող ենք խոսել նաև քաղաքական ասպեկտի մասին։ Երեք տասնյակ առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների թվում Կազան գալու հրավերին դրական են պատասխանել նաև Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները: Սա լրացուցիչ հնարավորություն է հանդիպելու միջոցառման շրջանակներում, բանակցելու և փորձելու առաջ մղել ցավոտ և լուծում պահանջող հարցերը։
- Կազանում կտեսնե՞նք ԲՐԻԿՍ-ի ընդլայնում: Ո՞րն է տարբերությունը ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրի և միավորման մասնակից երկրի միջև, ի՞նչ հնարավորություններ են բացվում դեպքերից յուրաքանչյուրում:
- ԲՐԻԿՍ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, անդամ բոլոր երկրները բացարձակապես իրավահավասար են: Բայց դա նաև նշանակում է, որ եթե դու արդեն ստորագրել ես այս կամ այն որոշման տակ, ապա պետք է կատարես այն։ Նրանց համար պարտադիր է մասնակցությունը միավորման անդամ երկրների համար իրականացվող բոլոր նախագծերին։ ԲՐԻԿՍ-ի անդամակցությունը մի կողմից առավելություն է, մյուս կողմից ՝ լրացուցիչ պատասխանատվություն։
Ավելի վաղ մենք լսել էինք, որ կա կոնսենսուս, որ նոր ընդլայնում դեռ չի լինի։ Մյուս կողմից, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Էր-Ռիադում Պարսից ծոցի անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ գլխավոր թեմաներից մեկը ընդլայնումն է: Ամեն դեպքում, վերջնական որոշումները կկայացնեն ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները։ Դե, իսկ ընդլայնման մասին խոսելիս մենք կարող ենք նկատի ունենալ ոչ միայն ընդլայնումը լիաֆորմատ անդամակցության տեսքով, այլև հայտ ներկայացրած երկրին գործընկեր-կարգավիճակի շնորհումը։ Չափանիշները ճշգրիտ նշվելու են։
Երբ ԲՐԻԿՍԸ- ը միանգամից գրեթե երկու անգամ ընդլայնվեց՝ ստիպված եղանք մեծ ջանքեր գործադրել, որպեսզի նոր անդամ-երկրներն արագ ներգրավվեն բոլոր ընթացիկ հարցերի մեջ և ապահովեն արդյունավետությունը: Դա ավելի լուրջ ջանքեր էր պահանջում բոլոր կողմերից։ Երկրներին դիտորդի կարգավիճակ տալը թույլ կտա նրանց դիտարկել, թե ինչպես և ինչ է աշխատում և սկսել աստիճանաբար միանալ իրենց առավել հետաքրքրող աշխատանքային ձևաչափերին: Երևի սա էլ կհամապատասխաներ ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած այլ երկրի շահերին, որը ցանկանում է կառուցել ինչ-որ նոր, կայուն, արդարացի աշխարհակարգ:
- Ձեր կարծիքով, Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է «բախվել» ԲՐԻԿՍ երկրների կողմից ձևավորվող հսկայական շուկայի հետ: Ի՞նչ ռիսկեր կարող է իր մեջ պարունակել նման համագործակցությունը Հայաստանի տնտեսության համար և, ընդհակառակը, զարգացման ի՞նչ հեռանկարներ է այն ուրվագծում:
- ԲՐԻԿՍ-ը միասնական շուկա չէ, մաքսային միություն չէ և ընդհանրապես՝ այնպիսի կառույց չէ, որը կարող է Հայաստանից կամ ցանկացած այլ պետությունից, որը շահագրգռված է միավորման հետ ավելի սերտ համագործակցությամբ, ինչ-որ «զոհաբերություններ» պահանջել: Այստեղ ռիսկեր չկան, բայց կան մեծ հնարավորություններ։ Հայաստանի դեպքում խոսքը կարող է լինել նաև ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրների հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև նոր բաղադրիչների որոնման մասին։ Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի, իսկ նման համագործակցությունը նոր՝ մեծ հնարավորություններ է բացում։ Հայաստանը պետք է օգտվի ԲՐԻԿՍ-ի անդամների հետ փոխադարձ առևտուրն ավելացնելու, ներդրումներ ներգրավելու և խոշոր տնտեսական նախագծերից դուրս չմնալու հնարավորությունից։
Հայաստանը լավ զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկիր է, որի տարածքի 70%-ը զբաղեցնում են գյուղատնտեսական հողերը, ագրարային հատվածում զբաղված է հանրապետության բնակչության 22%-ը: Դրա հետ մեկտեղ, ԲՐԻԿՍ-ում առկա է գյուղատնտեսական արտադրանքի իրացման հսկայական շուկա. կառույցի 10 երկրներից 6-ը պարենի ներմուծողներ են: Փոխգործակցության այս սպեկտրի ընդլայնումը ձեռնտու կլինի Հայաստանին և այն երկրներին, որոնք ավելի շատ կհամագործակցեն այդ ուղղությամբ։ Ռիսկեր չեմ տեսնում, քանի որ գործընկերությունը որևէ սահմանափակում չի դնում։
2025 թվականին մենք ակնկալում ենք ԲՐԻԿՍ-ի տնտեսական գործընկերության ռազմավարության երրորդ տարբերակի ընդունում՝ արդեն ընդլայնված կազմով։ Այնտեղ հենց ճանապարհային քարտեզ է մշակված. քայլեր՝ ուղղված տնտեսությունների ամրապնդմանը, երկրների միջև տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացմանը, դրանց տեխնոլոգիական կայունության բարձրացմանը։
- ԲՐԻԿՍ-ը նաև լոգիստիկ շղթաների կառուցումն է։ Ինչպե՞ս կարող է հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ինտեգրվել միավորման հետ կապված տրանսպորտային ուղիներին:
- ԲՐԻԿՍ-ն աշխատում է ավելի մեծ ֆիզիկական, լոգիստիկ փոխկապակցվածություն ապահովելու ուղղությամբ: Այս առումով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքի և նմանատիպ այլ նախագծերի հետ միասին կարող է ավելի շատ համապատասխանել Եվրասիայի բոլոր երկրների շահերին՝ գործարկել լրացուցիչ տնտեսական բոնուսներ և ապահովել անխոչընդոտ առևտրի հնարավորություն։ Նման նախագծերում գլխավորը բոլոր մասնակիցների շահերը հաշվի առնելն է։ Լոգիստիկա ասելով մենք նկատի ունենք ամբողջ համալիրը, ներառյալ՝ համատեղ ապահովագրական հնարավորությունները: Հայաստանի համար ուղղություններից և հնարավորություններից մեկը կարող է լինել ԲՐԻԿՍ Bridge թվային արժույթների վրա հիմնված ֆինանսական վճարումների քննարկվող և մշակվող համակարգին միանալը: Շատերը հասկանում են, որ այժմ կարող են օգտվել SWIFT համակարգից, բայց այն ցանկացած պահի կարող է գործիք դառնալ իրենց դեմ։ Ուստի այլընտրանքը միշտ անհրաժեշտ է։
- Հայաստանը, չլինելով միավորման անդամ երկիր, կարո՞ղ է միանալ այդ համակարգին:
- Եթե նայենք սկսված ապադոլարացման գործընթացներին, ապա այդ համակարգից երկրներն արդեն սկսել են դուրս գալ։ ԲՐԻԿՍ-ի երկրներում կատարվող հաշվարկների 30%-ից պակասն է կազմում դոլարով հաշվարկը․ նախկինում դա մի քանի անգամ ավելին էր: ԲՐԻԿՍ-ի բոլոր երկրների հետ Ռուսաստանի հաշվարկների 85%-ն իրականացվում է ազգային արժույթներով․ նախկինում դա չէր գերազանցում 26%-ը:
Նման համակարգի կառուցումը, այդ թվում թվային վճարային միջոցների օգտագործմամբ, լինի դա ԲՐԻԿՍ Bridge-ը, թե այլ բան, նշանակալի այլընտրանք է, որը, բնականաբար, բաց կլինի բոլոր այն երկրների համար, որոնք ցանկանում են աշխատել կառուցողաբար: Դա չի պլանավորվում որպես ինչ-որ փակ համակարգ։ Ի վերջո, ԲՐԻԿՍ-ը ներառականության, գործիքների ստեղծման մասին է, որոնք կօգնեն զարգանալ ոչ միայն միավորման անդամ, այլև աշխարհի մյուս երկրներին։