ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անշարժ գույքի առաջնային շուկայում ակտիվության նվազում կա՝ կապված Երևանում եկամտահարկի վերադարձի դադարեցումից հետո առաջացող անորոշության հետ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Մնացականյանը։
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք ցանկանում էին մայրաքաղաքում անշարժ գույք ձեռք բերել եկամտահարկի վերադարձով, հիմնականում արել են դա։
«Քանի որ կառուցապատման այն նախագծերը, որոնք սկսել են 3 տարի առաջ, իրենց մոդելում չէին նախատեսել, որ կարող է եկամտահարկի վերադարձը հանվի, հիմա ստիպված են լինելու ընտրել այլ ճանապարհներ ֆինանսական բացը լրացնելու համար։ Դա կարող է արտահայտվել զեղչերով, երբեմն տարաժամկետ վճարումներով»,- նշեց Մնացականյանը։
Նա խորհուրդ է տալիս հետևել առաջարկներին, քանի որ կարող են շատ գրավիչ տարբերակներ լինել։ Ըստ նրա՝ այս պահին առկա պասիվությունը նաև նրա պատճառով է, որ շատ մարդիկ չգիտեն, թե ինչ է լինելու 2025-2026թթ․, դրա համար, այսպես ասած, սպասում են։
Մնացականյանի կանխատեսումներով՝ 2025-ից հետո, այնուամենայնիվ, նորակառույցներում բնակարանների դեֆիցիտ է լինելու։ Նա կարծում է՝ այն կառուցապատողները, որոնք իրենց միջոցներով չէին կառուցում, դուրս կգան շուկայից, ուստի ով ցանկանում է նորակառույցում բնակարան ձեռք բերել, ճիշտ կլինի՝ հիմա անի դա։
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Ավետիսյանը հավելեց, որ օգոստոսի վերջից շարժը որոշակիորեն փոխվել է, որովհետև նրանք, ովքեր հապաղում էին բնակարան ձեռք բերելու հարցում, եկամտահարկի վերադարձի վերջին ամիսների հնարավորությունից են օգտվում։
«Մեր կանխատեսումներով՝ սեպտեմբերից մինչև տարեվերջ գնումների կորը դեպի վերև կգնա։ 2025թ․ առաջին եռամսյակը համեմատաբար հանգիստ կլինի, մարդիկ սպասման մեջ կլինեն, այսինքն՝ շուկան այսպես ասած կսառի, 2025թ․ապրիլից նորից կսկսի ակտիվություն»,- նշեց Մնացականյանը։
Թե ակտիվությունը որքան կավելանա դրանից հետո, կարծում է՝ կանխատեսումները հիմա ճիշտ չեն։
Մասնագետները խորհուրդ են տալիս՝ եթե Երևանում եկամտային հարկով բնակարան գնելու ցանկություն կան, քաղաքացիները հիշեն՝ բանկային ձևակերպումները մոտ 20 օր են տևում, ուստի ժամանակին սկսեն, որ մինչև տարեվերջ հասցնեն գործարքները։
Ոլորտի մասնագետները նաև կանխատեսում են, որ առաջիկա երկու տարիներին ակտիվանալու է Երևանին հարակից բնակավայրերում անշարժ գույքի շուկան, քանի որ մարդիկ եկամտահարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու համար Երևանից դուրս են գալու և տեղափոխվեն, օրինակ, Նոր Հաճն, Չարենցավան և այլն։