ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Էստոնիայի վարչապետ Կրիստեն Միխալը զայրացել և նյարդայնացել է Չինաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի՝ Պեկին կատարած այցից։
Ինչպես գրում են տեղական ԶԼՄ–ները, Միխալը հայտարարել է, որ պատգամավորների այցը վնաս է հասցրել Էստոնիայի խորհրդարանի հեղինակությանը։
Միխալի մտահոգությունը պայմանավորված է Չինաստանի հետ կապված հնարավոր ռիսկերի հետ, որոնք գնահատել է արտաքին հետախուզությունը։
«Նման երկրներ այցելելիս պետք է շատ զգույշ լինել։ Ինձ թվում է, որ այս դեպքում խորհրդարանական խումբն ամբողջական կազմով հատել է կարմիր գծերը», – կարծում է Միխալը։
Մեծ աղմուկ է բարձրացրել նաև այն հանգամանքը, որ պատվիրակության ղեկավարը` խորհրդարանի փոխխոսնակ Տոոմաս Կիվիմյագին, իր հետ է տարել նաև կնոջը։ Ուղևորության համար վճարել է Կիվիմյագին, սակայն տեղում ծախսերը հոգացել է չինական կողմը։ Քաղաքական գործիչը ստիպված է եղել պարզաբանումներ տալ ինչպես այդ հարցի, այնպես էլ պատվիրակության այցի վերաբերյալ։
«Հաշվի առնելով աժիոտաժը` լավ կլիներ, որ արտգործնախարարությունը կազմեր այն երկրների ցանկը, թե ուր կարելի է մեկնել, ուր` ոչ, որտեղ կարելի է թույլ տալ, որ ընդունող կողմը վճարի ծախսերի մի մասը, և որտեղ է դա արգելված... Եթե որևէ մեկը հարցնի` արդյոք զղջում եմ ուղևորության համար, ասեմ, որ չեմ զղջում։ Որովհետև ես ներկայացնում էի Էստոնիայի շահերը` մենք պաշտպանում էինք, բացատրում և փաստարկներ բերում։ Սակայն եթե դուք հարցնեք, թե արդյոք ես կմեկնեի այդ ուղևորության` իմանալով, թե ինչ է լինելու հետո, իհարկե, ես չէի մեկնի», – ասել է Կիվիմյագին։
Պատվիրակությունը նաև նվերներ է ստացել չինական կողմից։ Փոխխոսնակը շտապել է հայտնել, որ դրանց թվում չեն եղել գաջեթներ և թանկարժեք իրեր, օրինակ` ոսկի, հիմնականում դրանք շենքերի մանրակերտներ են եղել և այլ նման հուշանվերներ։ Բոլոր նվերները փոխանցվել են Ռիյգիկոգուի (խորհրդարան) արտաքին կապերի բաժին, քանի որ Կիվիմյագիի խոսքով` ինքը նույնիսկ չի հանդգնել դրանք իր աշխատասենյակ տանել։