ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Դատապարտյալների հիվանդանոց» –ում ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի բուժքրոջ մոտ թմրամիջոցի նմանվող զանգված և դեղահաբեր է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
«Դատապարտյալների հիվանդանոցում» բուժքրոջ մոտ թմրամիջոց և հաբեր են հայտնաբերվել
© Photo : official site of the Penitentiary of RA
«Տեղեկություններ են ստացվել, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման բուժքույր Ն․Մ․-ն թմրամիջոց է փոխանցելու կալանավորված անձին։ Սեպտեմբերի 12-ին` ժամը 09։35-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել Ն․Մ․-ի անձնական իրերը, վերջինիս հեռախոսի պատյանից հայտնաբերել են գործարանային արտադրության խոհանոցային դանակ և էլեկտրոնային ծխախոտ»,– ասված է հաղորդագրությունում։
Անվտանգային ռենտգեն սարքով էլ ծառայողներն էլեկտրոնային ծխախոտի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, 23,36 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված, ինչպես նաև` 25 հատ «AN 627» գրառմամբ դեղահաբ։
Ն․Մ․-ն ձերբակալվել է և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։