Հայաստանը շտապում է կարգավորել հարաբերությունները Հունգարիայի հետ․Բալասանյան

Sputnik
«Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Երևանին և Բաքվին առաջարկել է խաղաղության պայմանագիրը կնքել Բուդապեշտում։
«Մեր մայրաքաղաքը կարող է ծառայել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր, կարծում եմ` դա այն կարևոր օգնությունն է, որը մենք կարող ենք տրամադրել»,-նշել է Սիարտոն:
Նրա խոսքով, պատերազմը երբեք չի ավարտվում ռազմի դաշտում, դա տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ։ Հիշեցնելով, որ իր երկիրն այսօր նախագահում է Եվրամիությունում, Պետեր Սիարտոն ընդգծել է, որ Հունգարիան այն կարգավիճակում է, որ կարող է հաղորդակցվել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։
Հայաստանի իշխանություններն էլ նախատեսում են Արցախից բռնի տեղհանված շուրջ 1000 երեխաների ուղարկել Հունգարիա` ամառային ճամբարում հանգստի։
«Հայաստանը շտապում է կարգավորել հարաբերությունները Հունգարիայի հետ, մինչդեռ Բուդապեշտը պատասխան չի տվել՝ կապված Գուրգեն Մարգարյանի սպանության հետ»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը։