Ազգային ժողով-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այնպիսի մի կետ, որով սահմանափակվում է Հայաստանի ինքնիշխանությունն իր տարածքի նկատմամբ, նաև չկա մի գործառույթ, որը Հայաստանն արտապատվիրակում է։
Ի տարբերություն սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ իր ելույթի, Փաշինյանն այս անգամ եռակողմ հայտարարության 9-րդ կետն ընթերցեց մինչև վերջ, որտեղ նաև նշված է, որ «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մարմինները»։
Այդուհանդերձ, Փաշինյանը պնդում է, որ սա չի նշանակում, որ ռուսական ԱԴԾ-ի մարմինները պիտի ներկա լինեն այդ հատվածում։
«Կարևոր չէ, թե դու ինչպես ես պատկերացնում Եռակողմ հայտարարության 9-րդ կետի բովանդակությունը, եթե քո պատկերացումը չես կարողանում պարտադրել այդ փաստաթուղթը ստորագրած մյուս երկու կողմերին կամ այնպիսի քաղաքականություն վարել, որ նրանից գոնե մեկի շահերը ներդաշնակ լինեն քո պատկերացումների, օրակարգի հետ»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով եռակողմ փաստաթղթի մասին վարչապետի դատողություններին, նշել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ եթե Փաշինյանը հետ է վերցնում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ապա դա կարող է համարվել casus belli: