ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. 2024 թ. 1–ին կիսամյակի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում նվազել է հանցագործությունների թիվը։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովի հետ երեկվա հարցուպատասխանի ժամանակ թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները խոսեցին հանցավորությունների թվի աճի մասին։
Վարդապետյանը նշեց, որ պատգամավորները, ամենայն հավանականությամբ, հիմնվել են դատախազության` 2023 թվականի ամփոփ տվյալների վրա, որտեղ իսկապես հանցավորության աճ կար։
«Խնդիրն այն է, որ մեթոդաբանությունն է փոխվել, ու հիմա վարույթների շեմն իջեցվել է, այսինքն` գրեթե բոլոր գործերով նախաձեռնվում են վարույթներ, այդ պատճառով 2023 թվականին արձանագրված հանցագործությունների թվի աճ կար 2022 թվականի համեմատ»,– նշեց դատախազը։
Վարդապետյանը նշեց, որ 2024 թվականի 1–ին կիսամյակի տվյալներով` կա 18 818 հանցավորության դեպք, սա այն դեպքում, երբ 2023 թվականի նույն ժամանակահատվածում եղել է 19 891 դեպք։
«Այս թվի մեջ 2023 թվականին գերակշռել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները (երբ պատժի առավելագույն ժամկետը չի գերազանցում 5 տարին կամ չեն պատժվում ազատազրկմամբ, այսինքն` խոսքը հիմնականում կենցաղային հանցագործությունների մասին է)։ Պատկերը նույնն է նաև 2024 թվականին` 81, 7 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են եղել»,– ընդգծեց դատախազը։
Ինչ վերաբերում է ծանր հանցագործություններին, ապա դրանք 2024 թվականին 2023 թ. համեմատ նվազել են 8.2 տոկոսով, սակայն անհանգստացնող է այն, որ 17.8 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները, հատկապես զենքի գործադրմամբ։
Փաշինյանն ավելացրեց, որ 2020 թ. 44–օրյա պատերազմից հետո երկրում կա անհետացած զենքի մեծ քանակ, ու այդ թեմայով նա ՆԳ նախարարին հանձնարարել է վերանայել ապօրինի զենք–զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը։
«Երկրում ավելացել է նաև օրինական զենքի քանակը, սակայն հարց է, թե օրինական զենքը որքան հանդուրժելի պետք է լինի մեզ համար»,– նշեց վարչապետը։
Ըստ նրա` պետք է քննարկել նաև, թե երկրում զենքով կատարված հանցագործությունների քանի տոկոսն է օրինական զենքով կատարվել, քանիսը` ապօրինի։
Ինչ վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, ապա այս դեպքերը, ըստ դատախազի, 2024 թ. 1–ին կիսամյակում նվազել են 29,3 տոկոսով։
«Դա բացահայտման ու քննության որակի փոփոխության արդյունքն է և այն տեխնոլոգիաներին հասանելիությունը, որոնց միջոցով շրջանառվում են թմրամիջոցները։ Այս առումով նվազումը ոչ թե ֆորմալ է, այլ լավարկված քննության արդյունք է»,– հայտարարեց Վարդապետյանը։
Նա ընդգծեց, որ մաքսանենգության դեմ պայքարը ևս շատ արդյունավետ է, հնարավոր է լինում կանխել ապօրինի թմրամիջոցների մուտքը երկիր։