ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում է Եվրոպական Միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ–ն։
Նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Զեյնալյանը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
«Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։
Հիշեցնենք` հունիսի 21–ին ՀՀ Ազգային ժողովում լսումներ անցկացվեցին ԵՄ–ին անդամակցելու հայտի վերաբերյալ հանրաքվեի հարցով։ Լսումները նախաձեռնել էին արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացված Ժողովրդավարության հայկական 3–րդ ֆորումի շրջանակում հայտարարեց՝ ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, իսկ թե ԵՄ–ն որքանով է պատրաստ դրան, այդ հարցի պատասխանն ինքը չունի։