Խարդախները ՀՀ–ում շարունակում են զանգերով մոլորեցնել. 1 օրում նրանք 16.700 դոլար են ստացել

ՆԳՆ–ն քաղաքացիներին կոչ է անում չվստահել կասկածելի զանգերին և անմիջապես դիմել իրավապահներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում մեկ օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է արձանագրվել, հանցագործներին 16.700 հազար դոլար է փոխանցվել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Սեպտեմբերի 10–11–ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար։
Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը, ինչպես նաև դիմել իրավապահներին»։
Հիշեցնենք, որ դեռ օգոստոս ամսին նույն պատճառաբանությամբ խարդախների զանգերին հավատացել է 14 մարդ ու ընդհանուր մոտ 28 մլն դրամ փոխանցել։ Այդ պահի դրությամբ 100–ից ավելի մարդ էր տուժել խաբեբաների հեռախոսազանգերից։