ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Հրազդան» ՋԷԿ-ի ձուլարանում պայթյունից տուժած 5 անձանցից 2–ը հարցաքննվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Սեպտեմբերի 10-ին տեղեկացրել էինք, որ «Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է տուժել, նրանցից մեկը` Հրազդան քաղաքի 46–ամյա բնակիչը, մահացել է հիվանդանոցում։
«Վերոնշյալ 6 անձինք ճանաչվել են տուժող։ Տուժողներից երկուսը հարցաքննվել են, իսկ մյուս երեք անձանց հետ անհրաժեշտ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել առողջական վիճակի պատճառով»,– հայտնում է քննչական կոմիտեն։
Նշվում է, որ նախնական տվյալներով «Հրազդան ՋԷԿ»-ին հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն։ Բոլոր տուժածները օբյեկտը շահագործող ընկերության աշխատակիցներ են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, դատապայթունատեխնոլոգիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ պայթյունի պատճառները, տվյալ օբյեկտում անվտանգության ապահովման սահմանված պահանջների պահպանվածության վիճակը պարզելու ուղղությամբ։