Գերմանիայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիներին կարող են արտաքսել Ադրբեջան. ո՞րն է խնդիրը

Բեռլին
ԱԳ նախարարի խոսքով՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ ապաստան հայցելիս ՀՀ քաղաքացիները խեղաթյուրում են իրենց տվյալները՝ կարծելով, թե այդպես ավելի են լեգիտիմացնում իրենց ապաստան հայցելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հնարավո՞ր է արդյոք Գերմանիայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիներին արտաքսեն Ադրբեջան։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության գլխավոր քարտուղար Արծվիկ Մինասյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կոնկրետ քաղաքացիներից ստացված մտահոգություն-դիմում փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Մինասյանի խոսքով՝ իրեն դիմած քաղաքացիները հայտնել են, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միգրացիոն հարցերով զբաղվող գերատեսչության կողմից կազմված ապաստան հայցողների անձնական թերթիկներում Հայաստանին զուգահեռ նշվում է Ադրբեջան։ Հիմա այս քաղաքացիները մտահոգություն ունեն, որ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ պահի իրենք հարկադրաբար չուղարկվեն Ադրբեջան։ Նրա խոսքով՝ այս մարդկանց համար նաև վիրավորական է, որ որպես ծագման երկիր նշվում է Ադրբեջանը, այն դեպքում, երբ իրենք ներկայացրել են նաև իրենց ՀՀ քաղաքացու անձնագրերը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով բարձրացված հարցին, նշեց՝ քիչ չեն դեպքերը, երբ տարբեր երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիները խեղաթյուրում են իրենց տվյալները՝ ներկայանալով նաև այլ երկրի քաղաքացիներ, այդ թվում՝ Ադրբեջանի։
«Մասնավոր հարցը կուսումնասիրենք, բայց այդպիսի տենդենց կա։ Բայց դա մեզ չի արգելում կամ պակաս պարտավորեցնում այնպես անել, որ երբ այդ մարդկանց պետք է վտարեն այդ երկրից, վտարման նշանակետը լինի Հայաստանը, ոչ թե Ադրբեջանը, այստեղ քննարկելու բան էլ չկա»,- ասաց ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Եվրոստատի համաձայն` նախորդ երկու տարիներին Եվրամիության անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև Շվեյցարիայում ու Նորվեգիայում) առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ՝ 6875-ից հասնելով 3525-ի:
Ի դեպ, 2018-ին ԵՄ երկրներից Հայաստան են վերադարձրել 4 125, իսկ 2019-ին` 3 755 անօրինական միգրանտ։