ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 12-ից Իսակովի պողոտա–Աթենքի փողոց–Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է լինելու։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Փոփոխությունը տեղի է ունենալու մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
«Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ: Աթենքի փողոցում` դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված ճանապարհահատվածում իրականացվելու է համապատասխան գծանշում, և ճանապարհային նշաններ են տեղադրվելու, լուսացույցներն էլ տեղափոխվելու են:
Հիշեցնենք, որ այժմ Հաղթանակի կամրջի 1 երթևեկելի գոտուց է միայն թույլատրվում աջ շրջադարձ կատարել, իսկ մյուս 3–ով` ձախ։