Արմեն Աշոտյանին ՔԿՀ–ի մեքենայով կտեղափոխեն տուն

ՔԿՀ
Արմեն Աշոտյանի աջակիցներն ու փաստաբանները ՔԿՀ–ի դիմաց սպասում են նրա դուրս գալուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տուն կտեղափոխեն ՔԿՀ–ի մեքենայով։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը սեպտեմբերի 10-ին որոշեց Աշոտյանի կալանքը փոխարինել համակցված այլ խափանման միջոցներով` գրավ և տնային կալանք։ Դատարանի նշանակած 25 մլն դրամ գրավը պետք է վճարվեր 2 օրվա ընթացքում, ինչն արդեն արվել է, և հիմա փաստաբաններն ու Աշոտյանի աջակիցները ՔԿՀ–ի դիմաց սպասում են նրա դուրս գալուն։
««Նուբարաշենի» ծառայողները հայտնեցին, որ Աշոտյանին ՔԿՀ–ի մեքենայով կտեղափոխեն տուն, որևէ մեկը չի կարողանա տեսնել նրան։ Օրենքով նախատեսված չէ այդպիսի բան, բայց իրենց մոտ այդպիսի կարգ կա»,– ասաց Աթանեսյանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ Աշոտյանին հատուկ մեքենայով ՔԿՀ–ից տուն տեղափոխելը քաղաքական իշխանության համար հարմար տարբերակ է, քանի որ նրա գործը լայն հնչեղություն է ստացել, ու կարող էր գալ և լրագրողների հարցերին պատասխանել։ Մելիքյանը շեշտեց` նկատմամբ կիրառված խափանման միջոցն անտրամաբանական չէ, բայց միանշանակ ընտրողական է։
Նշենք, որ Աշոտյանին արգելվել է մինչև դատավարության ավարտը կապ ունենալ որևէ մեկի հետ, բացի մերձավոր ազգականներից։ Տնային կալանքի ընթացքում նրան կարող են այցելել ՀՀ ԱԺ այն պատգամավորները, որոնք նրան տեսակցում էին նաև «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։ ՀՀԿ փոխնախագահը նաև իրավունք ունի տանը եղած ժամանակ շարունակել գրել հոդվածներ և փաստաբանների միջոցով փոխանցել դրանք մամուլին։ Հաջորդ դատական նիստը կկայանա է սեպտեմբերի 17-ին։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: