«Անկեղծ ասած՝ գրեթե չճանաչեցի իմ թիմին». Ալեքսանդր Պետրակով

Սա Հայաստանի հավաքականի երկրորդ հանդիպումն էր Ազգերի լիգայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Սա իմ պարտությունն է, հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը երեկ ուշ երեկոյան Սկոպյեյում ։
Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրում (C լիգա, չորրորդ խումբ) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 2:0 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։
«Անկեղծ ասած՝ գրեթե չճանաչեցի իմ թիմին։ Ես նրանց հետ ամբողջ ընթացքում խոսում էի և այն առաջադրանքները, որ տվել էի, կարելի է ասել՝ թիմը չկարողացավ կատարել։ Ամեն ինչ կարծես լավ էր, նրանց աչքերում կրակ կար։ Ասացի նրանց, որ պետք չէ գլուխները կախել, պետք է աշխատել, պատրաստվել։ Միշտ սև շրջանից հետո գալիս է սպիտակ շրջանը։
Սա ամոթ էր։ Սա ամոթ էր ինձ համար, որպես մարզիչ։ Ես Լատվիայի հետ խաղից հետո խնդրում էի թիմին չգովաբանեն, հիմա խնդրում եմ հակառակը՝ թիմին չքննադատեք։ Այդպես լինում է։ Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Սա իմ պարտությունն է։ Չեմ ուզում, որ որևէ ֆուտբոլիստի մեղադրեն այս պարտության համար»,- ասել է Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք՝ սա Հայաստանի հավաքականի երկրորդ հանդիպումն էր Ազգերի լիգայում։ Առաջին հանդիպումը Լատվիայի հետ էր: Հայաստանի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց մրցակցին Երևանում:
Հավելենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 13-ին։